ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Vox populi-vox dei

Vox populi-vox dei
27.03.2013 | 16:24

Թեև լատինական այս թևավոր խոսքն ինձ հայտնի է ավելի քան քառասուն տարի, դեռևս բժշկական համալսարանում ուսանելու տարիներից, սակայն նոր եմ մտածում, թե այդ իմաստությունը դարերի ընթացքում քանի անգամ է իրեն դրսևորել իր իսկական նշանակությամբ, կամ որ populus-ի մասին է ասված, արդյո՞ք բոլոր տիպի հասարակարգերում, ցանկացած մակարդակի հասարակության մասին է ասված։ Արդյոք սա վերաբերում է ուսյալ, տեղեկացված, մտածո՞ղ հասարակությանը, թե՞ հասարակության, որի շարժիչ ուժն ամբոխն է, որը ինչ-որ մեկի կամքից կախված քաոս է ստեղծում։ Այժմ ես կասկած չունեմ, որ այս թևավոր խոսքը վերաբերում է հենց աստվածային շնորհով օժտված populus-ին, որը և՛ ուսյալ է, և՛ տեղեկացված է, և՛ մտածյալ, և՛ իրեն չի պահում այնպես, ինչպես հնչում է հայտնի պիեսում` «Ժողովուրդը միայն ծափ է տալիս ու քվեարկում»։

Սակայն միշտ էլ իրադարձությունները տեղի են ունեցել սթափ մտածող հասարակության ջանքերով, որ գիտակցում է իր ապրած կյանքի իմաստը, որ չի տառապում մի կտոր հաց վաստակելու ցավով, որ չի մտածում, բացի իր երկրից, ուրիշ տեղ գտնելու երջանկությունը, չի տառապում «մեկից մի մազ պոկելու» ցավով, կարճ ասած, երբ նա ապրում է իսկապես ազատ, ապահով կյանքով, իսկ աշխատանքից հետո ժամանակի մի մասը տրամադրում է ընթերցելուն, գիրք ու մամուլ կարդալուն, այլ աղբյուրներից տեղեկություններ քաղելուն։ Ճիշտ է, մի քիչ տեղափոխվեցինք հեքիաթի աշխարհը, բայց ինչ վատ կլիներ, որ ապրեինք «Ոսկի քաղաքում»։ Ես մտածում եմ, որ տեղեկացված, կարդացած հասարակությունը չի ենթարկվում սադրանքների, չի հանդուրժի հակաժողովրդական արարքներ ո՛չ դրսից, ո՛չ ներսից։ Տեղեկացված լինելու հիմնական աղբյուրներից մեկը տպագիր մամուլն է։ Ոչ վաղ անցյալում թերթեր գնում էին զանգվածաբար, ոմանք էլ այն կարդում էին խոշոր կանգառներում, հասարակական վայրերում հատուկ շրջանակներում փակցված կենտրոնական թերթերը, բացի շատ ընթերցելուց, թերթերում հոդվածներ էին գրում տարբեր մասնագիտության տեր մարդիկ` բանվորը, դիրեկտորը, մասնագետը, գիտնականը, պետական գործիչները։ Այսօր այս բոլորը չկան, լավ է, թե վատ, թող Աստված դատի, բայց մոտ 3000 օրինակով լույս տեսնող շատ թերթեր մեկ օրում չեն սպառվում, գուցե ինչ-որ տեղ դա այդպես պետք է լինի, քանզի թերթերի հիմնական թեմաները նույնն են` ձանձրացնող և ոչինչ չասող ու մեծ մասը անհետաքրքիր հարցազրույցներ են, նույն դեմքերով։ Չկա հասարակ մարդու, «երկիրը պահող մարդու» արտահայտած կարծիքը` երկրի, հասարակության մասին։ Եթե սա չկա կամ հասարակությունն է անտարբեր երկրի, մամուլի նկատմամբ կամ հարցազրույցներից ամեն ինչ այնքան պարզ է, անվիճելի, որ «էլ դու թող»։ Իսկ ես կուզեի, որ ամեն մի շատ թե քիչ գրագետ մարդ ունենար իր նախընտրած թերթը և ամեն առավոտ անհամբեր սպասեր դրանց վաճառքին, գնեին, կարդային` փողոցում, տանը, տրանսպորտում, հանգստանալիս, վիճեին իրար հետ` որն է այդպես, որը` ոչ։ Կուզեի, որ սեփական գիր ունեցող ժողովուրդը (այդպիսիք ես հաշվել եմ 8 թե 9 ազգ) փայլեր տեղեկացված լինելու իր մակարդակով։ Սակայն... այսօր հանրապետության տասնյակ հազարավոր ուսանողներից ոչ մեկի ձեռքում թերթ չես տեսնի, թվում է, թե ամոթ բան է։ Տասնյակներով կուսակցություններ կան, ամեն մեկը իր ծրագրով, հասարակական կյանքի իր մոտեցումներով, բայց քանի՞ մարդ է դրանց ծանոթ, քանի՞սն են արձագանքել, քանի՞սն են վերլուծել, կողմ կամ դեմ արտահայտվել։ Երևի հատուկենտ մարդիկ. տվյալ կուսակցությունների հիմնական մասը բացարձակ անտարբեր է։ Ճիշտ է, մյուս կողմից էլ ծանոթանալ այդքան ծրագրերին պարզապես հնարավոր չէ։ Հասարակության լայն շերտերի տեղեկացված լինելով պետք է շահագրգռված լինեն նաև իշխանությունները։ Գուցե այդ ժամանակ շատ ծախսեր կրճատվեն։ Տեղեկացված հասարակության յուրաքանչյուր անդամ գիտակցում է, թե որքան է իր ստեղծած արժեքը, ինչքան է ինքը վարձատրվում, ինչքան է մնում պետությանը կամ գործատուին։ «Սովետի վախտ» իմ ստեղծած արժեքի 12-14 %-ը ինձ էին տալիս, մնացածը լցվում էր պետության գրպանը, նա էր ամեն ինչի հովանավորը, ձրի կրթության, բժշկության տրամադրողը և բոլորովին պարտադիր չէ, որ հասարակությունը լինի սոցիալիստական։ Տեղեկացված հասարակությունը գիտակցում է, որ դասական գրականության, արվեստի հերոսների մեծամասնությունը իր միջի հասարակ մարդիկ են, նրանց շուրջ են պտտվում բոլոր կարևոր իրադարձությունները։ Այս դեպքում է ճիշտ vox populi-vox dei թևավոր խոսքը։ Գուցե սխալվում եմ, բայց ինձ թվում է, որ այսօր մենք մի տեսակ թմբիրի մեջ ենք։ Չկա հասարակական եռուզեռը, աղքատացել է գրավոր և բանավոր խոսքը, ամեն մի լավ բառին բաժին է ընկնում մի քանի «վայ քու, արա»-ն։ Նմանապես կարծում եմ, որ ներկա սերունդը, որը 40 տարեկանից փոքր է, չգիտի, թե այսպես շքեղացավ Երևանը, իր ներկա տեսքով հիացնելով մեզ, որ այսպես առոք-փառոք վայելում ենք։ Մ. Նալբանդյանը 19-րդ դարում կարծում էր, որ հասարակության զարգացման ուղիղ ճանապարհը երկրագործությունն է, մեր օրերում, անշուշտ, լավ տեղեկացված, կրթված, կարդացած, օրինապահ հասարակության մեջ է, որին էլ հենց վերաբերում է vox populi-vox dei աստվածահաճո խոսքը։


Ռաֆիկ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ
բժիշկ

Դիտվել է՝ 29122

Մեկնաբանություններ